Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով. Օնդրժեյ Բենեշիկ

Մեզ համար կարևոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին և սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա Ղազարյանը, Գեղամ Նազարյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ալեքսանդր Ավետիսյանը:
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը, խոսել ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ ոլորտային փոխգործակցության խորացման անհրաժեշտությունից: Պատգամավորն ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը՝ նշելով, որ վերջինիս ներկայությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգի չեզոքացմանը: Պատգամավորը բարձրաձայնել է Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա:
Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող այլ անձանց հարցը:
«Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով և ողջունում է այդ հարցում առաջխաղացումը»,- նշել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկը:
Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը կարող են նպաստել ուղիղ չվերթների կազմակերպումը, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը: