Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծին

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։