Պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Մարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։
Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, կաթուցիչ և 2 դանակ։
***
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 10-ին էր։
Իրավապահները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։
Բաժնում նա ներկայացրել է կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ։
Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
***
Մարտի 15-ին Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենա, որի 35-ամյա ուղևորը պարեկային ծառայողների բանավոր պահանջով ներկայացրել է թղթե փաթեթ և դանակ։
35-ամյա տղամարդը հայտնել է, որ փաթեթի դեղնականաչավուն զանգվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից` անձնական օգտագործման համար։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։