Կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները. Ալեն Սիմոնյան

Երբ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք և ուղարկել հետ, մենք գիտեինք՝ հաջորդ քայլն ինչ է լինելու, և մենք գիտեինք դրա շարունակությունը, լուծումը որն է լինելու, և վարչապետի հարցազրույցի մեջ դրա պատասխանը մի մասով կա, և մեծ ծավալի մեջ դա երևի դուրս է մնացել և հանրության մեջ այդքան չի քննարկվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ածանցյալ նախապայմանների հետ կապված հարցին:
«Այն բոլոր «մտավախությունները», որոնք Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա, և ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետն ասաց: Եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք Հայաստանի Սահմանադրության մեջ, որ իրենք մեղադրում են տարածքային պահանջների համար, այդպիսի բան կա, թե՞ չկա, արդյոք իրենց սահմանադրության մեջ նման բան կա, թե՞ չկա, վերջիվերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու:
Մենք առնվազն ասել ենք, որ այդ հարցը լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ: Մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո էլ նմանատիպ հարց չի առաջանալու, վերջիվերջո կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե՞ չէ: Պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի: Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ, և այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել: Կարծում եմ՝ շարունակությունն էլ տրամաբանված և հիմնավորված կլինի, այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ-որ քաղաքական հայտարարության համար:
Օրինակ՝ կարող ենք մեր երկու երկրների սահմանադրությունները և հարց ուղարկել Վենետիկի հանձնաժողով, թող Վենետիկի հանձնաժողովն պայմանական ասի՝ նման բան կա, թե՞ չէ: Այնուամենայնիվ, մնացած փաստարկները, որ մենք բերել ենք, մինչև այսօր էլ Սահմանադրության վերաբերյալ իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ: Որևիցե մեկը չի ասել, որ դրանք գոյություն չունեն: Իրենց սահմանադրության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով՝ նման բաներ կան»,- նշեց ԱԺ նախագահը: