Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկն ազգային հավաքականում խաղալն է եղել․ Նիկոլաս Կալուկյան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Երեկ՝ մարտի 16-ին մեր ընտրանին անցկացրել է առաջին մարզումը։
Մարզմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Նիկոլաս Կալուկյանը, որը պատասխանել է ՀՖՖ TV-ին տված հարցերին։
«4 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով, մեծացել եմ պապիկիս և հայրիկիս հետ ֆուտբոլ խաղալով, ովքեր ևս ֆուտբոլիստներ են եղել։ Հայկական մշակույթը մեծ ազդություն է ունեցել ինձ վրա, մեծացել եմ հայկական մտածելակերպով, չնայած ամբողջ կյանքս ապրել եմ ԱՄՆ-ում։
Խաղացել եմ «Նյու Ջերսի Սիդեր Սթարս Ակադեմիայի» թիմում, որը հանդես է գալիս ՄԼՍ-ում։ Դրանից հետո գնացի համալսարան, հանդես եկա երկու տարբեր համալսարանների թիմերում։
ԱՄՆ-ում մի փոքր տարբեր է Եվրոպայից, շատ ֆուտբոլիստներ սկզբում խաղում են համալսարանական թիմերում, որից հետո միայն սկսում են իրենց պրոֆեսիոնալ կարիերան։
Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել, և հիմա ես այստեղ եմ՝ պատրաստ թողնելու իմ հետքը։ Ազգային հավաքականում հանդես գալու հրավերը ստանալուց հետո առաջին մարդն, ում զանգել եմ՝ իմ հայրն է եղել։ Նա միշտ եղել է իմ ոգեշնչման աղբյուրը։ Հետո, իհարկե, այդ ամենի մասին տեղեկացրի ընտանիքիս մյուս անդամներին ևս։ Նրանք բոլորն այս պահին ԱՄՆ-ում են, շատ հպարտանում են ինձնով և աջակցում ցանկացած հարցում»,- ասել է Կալուկյանը ՀՖՖ TV-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականին Երևանում կընդունի մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Վրաստանում։ Հաղթողը կստանա Ազգերի լիգայի B դիվիզիոնում հանդես գալու իրավունք։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։