Քրեակատարողական ծառայության պետն աշխատանքային այց է կատարել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու հիմնարկի ներկայիս պայմաններին, վերհանելու առկա խնդիրներն ու կարիքները։
Ծառայության պետը շրջայց է կատարել հիմնարկում, եղել է հանձնուքների ընդունման, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, գրադարանում, բուժմասում, խոհանոցում ծանոթացել է ճաշացանկին, խցերում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել սննդի որակից։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը հետևել է նաև հանրակրթական ծրագրի շրջանակներում իրականացվող 19 և բարձր տարիք ունեցող դատապարտյալների դասապրոցեսին։ Հիմնարկի վարչական շենքում Ծովինար Թադևոսյանը շրջել է աշխատասենյակներում՝ ուսումնասիրելու աշխատակիցների և ծառայողների աշխատանքային պայմանները, քննարկելու դրանց բարելավմանն ուղղված միջոցառումները։
Շրջայցի ավարտին Ծառայության պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Այվազյանը, տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջացած խնդիրներն ու արձանագրված ձեռքբերումները։
Ծովինար Թադևոսյանը շեշտադրել է ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ներդրված բացահայտող գործիքի կիրառումը, հացադուլի և ինքնավնասման դիմող ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների կարևորությունը բազմամասնագիտական թիմով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հոգեբույժների ներգրավումը։
Ի թիվս այլնի՝ անդրադարձ է եղել նաև ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնման մեխանիզմների լավարկմանը։