Սա իրոք կարևոր իրադարձություն է․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

«Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա քաղբանտարկյալները, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նույնպես պետք է ազատ արձակվեն»,- X-ում գրել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Ջարեդ Գանսերը նաև խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կարդալ Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Կարծում եմ, որ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային հարցում», — ասել է Գանսերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում իր հայտարարության մեջ գրել էր, որ խաղաղության համաձայնագիրը [Ադրբեջանի և Հայաստանի միջև] պետք է ավարտվի, և բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Այս շաբաթ ես զրուցեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրին։
Ես ասացի նրան, որ մենք այժմ պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- գրել է Ուոլցը։