Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 հազար 77 հաղորդում, որից 1810-ը կոռուպցիոն բնույթ ունի

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է ընդհանուր 2077 հաղորդում, որից 1810-ը՝ կոռուպցիոն բնույթի: Ստացված կոռուպցիոն բնույթի 1810 հաղորդումներից 749-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
2024 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով քննված քրեական վարույթներից ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից դատարան է ուղարկվել 159 քրեական վարույթ՝ 370 անձի վերաբերյալ: Նույն ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դատարաններում ավարտվել է 104 քրեական գործ «2023 թվականին` 87»՝ 223 անձի վերաբերյալ «2023 թվականին՝ 120 անձի վերաբերյալ»: Նշված քրեական գործերից 95-ով՝ 207 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որոնցից 167-ը դատապարտվել են ազատազրկման:
Ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 477 միլիոն 556 հազար (2023 թվականին՝ 417 միլիոն 346 հազար դրամ): Վարույթներից մեկով՝ ընդհանուր՝ 14 միլիոն 443 հազար դրամ կադաստրային արժեքով 8 հողամաս վերադարձվել է համայնքին: