Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը:
Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա: Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։
Ուկրաինական խնդրի կարգավորման և եվրոպական հավաքական անվտանգության վերաբերյալ մարտի 2-ին Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ արվելու է՝ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը պաշտպանել և խաղաղությունը երաշխավորել ցանկացողների դաշինք ստեղծելու համար:
Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջիկա օրերին նախատեսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել «Եվրոպա պլյուս» ձևաչափի խումբը, որում ընդգրկված երկրները պատրաստ կլինեն մասնակցել Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը և անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխզիջման հնարավորություն չի տեսնում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահներ տեղակայելու հարցում։