Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև նաև հիշեցրել են «Հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու» վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից:
«Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,-նշել են նամակի հեղինակները:
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը:
Իրենց նամակում նրանք ընդգծել են նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ադրբեջանի՝ «իր միջազգային պարտավորություններին, ներառյալ 2020թ.-ի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը» չկատարելու հերթական ձախողումը։
Նամակում նաև լուրջ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ:
Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ, և իրենց նամակում շեշտել են, որ հայերի իրավունքները և կարգավիճակը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։