ՏԿԵ նախարարը Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
«Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էի` հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Հայկ Ղալումյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:
Առաջին կանգառը Դիլիջանի Գետափնյա փողոցն էր, որը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով: Աշխատանքներն ակտիվ փուլում էին:
Այնուհետև այցելեցինք Իջևան, որտեղ Երևանյան նրբանցքում նախ դիտարկեցինք փողոցների տուֆապատման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են, ապա Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքները:
Կանգառ կատարեցինք նաև պետական բյուջեի միջոցներով կառուցվող Գանձաքար-Իծաքար ճանապարհին:
Քարիկամուրջի մոտ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արմեն Զոհրաբյանի և այլ պատասխանատուների հետ քննարկեցինք պատմամշակութային արժեք համարվող հին կամրջի պահպանման և նորի կառուցման հետ կապված մանրամասները:
Սահմանամերձ Այգեհովիտում եղանք նաև պետական աջակցությամբ կառուցվող տներում:
Միայն այս սահմանամերձ բնակավայրում 16 մլն դրամ աջակցությամբ 150 բնակելի տուն է կառուցվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը: