Ո՞վ է Փարաքարում առաջատարը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։
Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով եւ վախերով: Մանավանդ՝ եթե հիշենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել, եւ վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում:
Իհարկե, հնարավոր է, որ քիչ չեն նաեւ դեռեւս չկողմնորոշված ընտրողները։ Իսկ ովքեր պատասխանել են` առաջատարը Վոլոդյա Գրիգորյանն է («Միասնություն» դաշինք)՝ 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 9.6%, Գոռ Սարիբեկյանը («Կայունություն»)՝ 5.5%, եւ Դավիթ Մինասյանը («Ազգային առաջընթաց»)՝ 2.2%։ Ընդ որում՝ Փարաքար եւ Թաիրով բնակավայրերում առաջատար են Գյուլնազարյանն ու Սարիբեկյանը, մինչդեռ մյուս 7 բնակավայրերում Գրիգորյանն ունի զգալի առավելություն։
«Ո՞ր ուժին ոչ մի պարագայում ձայն չեք տա» հարցին 12%-ը նշել է ՔՊ-ի անունը։ Սա վկայում է, որ, ի տարբերություն Գյումրու, Փարաքարում ՔՊ-ի «հակառեյտինգը» ցածր է, ուստի նախընտրական քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որեւէ թեկնածուի հաղթանակի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: