ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի շփումը եղել է դրական և արդյունավետ, և Վաշինգտոնը տեսնում է Ուկրաինայում խաղաղության հասնելու որոշակի քայլեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք գնահատում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը Ուկրաինայի հարցում»,-նշել է Ռուբիոն։
Պետքարտուղարը հավելել է, որ առաջիկա հանգստյան օրերին ԱՄՆ-ը կուսումնասիրի Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը։
«Մոսկվայում Ուիթկոֆի շփումների արդյունքների մասին հատուկ զեկույց կներկայացվի», – ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարծում, որ Ռուսաստանը ձգձգում է Ուկրաինայի հարցով բանակցությունները։
«Ընդհակառակը, մենք տեսնում ենք առաջընթաց», – հայտարարել է Ռուբիոն։