ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը և խնդիրները։
Քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած` սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ նախանշելով իրականացման հետագա ուղղությունները։ Կողմերն ընդգծել են ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակում ներկայում տարվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին կարևորվել են առավել ընդգրկուն օրակարգով ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակակությունը՝ հաշվի առնելով ՊԵԿ ռազմավարության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համընդհանուր օրակարգից բխող սահմանների համալիր կառավարման շրջանակում առկա առաջնահերթությունները։