Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից:
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները»,- մանրամասնել են կառույցից:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:
Հիշեցնենք, որ այս գործով է նաև անցնում և կալանավորվել է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, Փարաքարի առաջիկա ընտրություններում համայնքապետի թեկնածու Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ: