Բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո. Միրզոյան

Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված «միջանցքի» մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա: Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Այդ մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ երեկվա հայտարարություններից հետո հանրության շրջանում հնչել են մտահոգություններ ու շահարկումներ:
«Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը նաև նշեց, որ հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին:
«Այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք: Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ և ուղիղ ասեմ՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան:
Մենք նաև կարծում ենք, ինչպես և նախկինում, համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա: Բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա: