Համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին. Միրզոյան

«Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ և շուտափույթ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի տեղի, ժամանակի և այլ մանրամասների շուրջ:
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին համաձայնագրի տեքստում չկա»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու, այդ թվում տրանսպորտային և տրանզիտային հարցերում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։