Ռուբեն Վարդանյանին բացահայտ օգտագործում են Հայաստանի դեմ, 2-րդ «բացառիկ» ուղերձը կասկած չի թողնում. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի երկրորդ «բացառիկ» աուդիոուղերձին:
«Ռուբեն Վարդանյանին բացահայտ օգտագործում են Հայաստանի դեմ, ու արդեն երկրորդ «բացառիկ» ձայնային ուղերձը մեկ գրամ կասկածի տեղիք չի տալիս։
Եթե անդրադառնամ դրա մտքերին, քարը քարին չեմ թողնի, ուստի դա չեմ անի, մանավանդ, որ կոչ կանեմ բոլոր ողջամիտ մարդկանց այլևս չքննարկել դրանք մեր ներսում։
Մեկը մեկից խայտառակ մտքեր են ու թշնամու ուզածը հենց դա է՝ մենք քննարկենք դրանք ու վերածենք օրակարգի։ Նման խայտառակ ռեժիմում բանտարկված ու խոշտանգված մարդը մեզ կոչ է անում փոխել վիճակը, իշխանությանը ու քաղաքական գիծը' Ադրբեջանի հանդեպ դառնալ ավելի խիզախ, ագրեսիվ ու համարձակ (այն ինչ արվեց Արցախում... ):
Ու հիշում ես, որ դրան զուգահեռ Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապված «Կալիբր»-ը հոդված է տպել, թե Հայաատանն ապրիլին պատրաստվում է պատերազմի, ու իրենք մտահոգված են.. Իսկ Ռուբենի շուրթերով մեզ հորդորում են չվախենալ պատերազմից ու փոխել նրանց, ովքեր կվախեցնեն պատերազմով... Դե բայց իհարկե ինքը չի ասում, թե ինչու «անվախներով» հանձնվեցին 23 ժամում՝ ունենալով զենքի մեծ պաշար...
Մի խոսքով՝ շատ վտանգավոր տեքստ էր, որ թույլատրել կամ հանձնարարել էին մեզ փոխանցել»,- գրել է Սաֆարյանը:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ավելի վաղ հայտնել էր, որ Վարդանյանը դադարեցնում է հացադուլը:
Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվել է մարտի 13-ին, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: