ԱՄՆ փոխնախագահը «ցնցված կլիներ», եթե Թրամփը միջուկային զենք տեղակայեր Արևելյան Եվրոպայում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մարտի 13-ին հայտարարել է, որ շատ կզարմանար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանար միջուկային զենք տեղակայել Արևելյան Եվրոպայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Ես նախագահի հետ չեմ խոսել կոնկրետ այս հարցի շուրջ, սակայն ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր այն գաղափարին, որ միջուկային զենքերը Եվրոպայում տարածվեն դեպի ավելի արևելք։ Խոսքը գնում է մարդկության ապագայի մասին», - ասել է նա՝ արձագանքելով Լեհաստանի նախագահի կոչին երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու մասին։
Մարտի 13-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ էր արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում՝ որպես Ռուսաստանի դեմ զսպող միջոց։ Դուդան նշել էր, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը պետք է տեղափոխվի դեպի արևելք, քանի որ դաշինքի սահմանները նույնպես շարժվել են դեպի արևելք 1999 թվականին, երբ Լեհաստանը միացավ ՆԱՏՕ-ին: