Շարուրի 36/1 հասցեում ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանները. ՔՏՀԱ ՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա դեռևս 2024 թվականին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Շարուրի 36/1 հասցեում՝ «Ստանդարտ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ նավթամթերքի պահեստարանների նկատմամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
Հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են նավթամթերքի պահեստարանների շահագործումը։
Միևնույն ժամանակ տնտեսավարողը Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ ծանուցվել է պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու անհրաժեշտության մասին։
Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է նաև ներկայացվել ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանների տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է։
Հերթական վերահսկողական շրջայցի ընթացքում՝ 2025 թվականի մարտի 11-ին, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ տնտեսավարողի կողմից իրականացվել է որոշման պահանջները և ամբողջությամբ ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանները։