Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած մեդիատուրի շրջանակում ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին»,- գրել է նա:
Մարտի 10-12-ը կայացել է թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորեշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։
Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։