Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը:
Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ESTDEV ծրագրի իրականացմանը, որի շրջանակում Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար էստոնական կողմի հետ համագործակցությամբ վերապատրաստումներ են կազմակերպվել: Կարևորվել է ծրագիրն ընդլայնելու և ՀՀ տարբեր մարզերում իրականացնելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև «Դիմակայուն Սյունիք» նախագծին, որի շրջանակում Էստոնիայի Միջազգային զարգացման կենտրոնի կողմից Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցների ուսուցիչների համար իրականացվել են վերապատրաստումներ: Այս համատեքստում կողմերը կարևորել են ծրագրի մասնակից ուսուցիչների մասնակցությամբ ճանաչողական այցերի կազմակերպումը՝ Էստոնիայի կրթական համակարգը և ուսումնական հաստատությունների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները` անդրադառնալով, մասնավորապես, արհեստական բանականության և այլ նորարարական ծրագրերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել կրթության թվայնացման ուղղությամբ:
Ընդգծելով կրթության ոլորտում Հայաստան-Էստոնիա փոխգործակցության խորացման կարևորությունը՝ Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը՝ կրթական լայնածավալ բարեփոխումների իրականացման և մարտահրավերային իրավիճակների հաղթահարման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում։
Կողմերը կարևորել են նաև գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: