15 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 10-ական, հոգեկան ներգործության և կեղծ փաստաթղթի՝ 6-ական, սառը զենք կրելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, ինքնիրավչության և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, դրամանենգության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։