Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս բերեցին մարմինը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։