Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։
Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն ունեն բալետային ներկայացմամբ հանդես գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
««Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ, բացի գեղարվեստական և գեղագիտական արժեքի ստեղծումից, քոլեջի սաների համար նաև կրթական շղթայի և մասնագիտական գործունեության ապահովման մեծ հնարավորություն է ստեղծվում: Անչափ կարևոր է, որ քոլեջի սաները կրթական գործընթացին զուգահեռ տեսնեն նաև մասնագիտական աճի, առաջխաղացման հնարավորություններն ու հարթակները։ Դասական արվեստի ճանապարհը դյուրին չէ, և երեխաները վաղ տարիքից պետք է հասկանան, թե իրենց ընտրած ուղին ուր կարող է տանել, և ինչի կարող են հասնել: Պետական երկու կառույցների՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությունն այս առումով, իսկապես, շատ կարևոր է: Այս գործակցությամբ նշյալ կառույցները մասնակցում են պետության կողմից ամրագրված մշակույթի ռազմավարության իրացման գործընթացին: Նախագծի միջոցով հանրահռչակվում է նաև հայկական երաժշտությունը. տարիներ առաջ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման համար Ստեփան Լուսիկյանի հեղինակած այս հրաշալի ստեղծագործությունը նորից կհնչի բեմում: Բեմադրության ընտրությունը պատահական չէ, քանի որ այն աշխատասիրության և համատեղ աշխատանքի միջոցով բարիք ստեղծելու ուղերձներ է փոխանցում: Վստահ եմ, որ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը շատ կսիրվի ոչ միայն երեխաների և պատանիների, այլև մեծահասակների կողմից»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն ամբողջովին նոր ներկայացում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ.
«Կարծում եմ՝ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և իր ուրույն տեղն է ունենալու Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Ներկայացման մեջ ընդգրկված են պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սաներ: Բեմադրել եմ 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ): Կարծում եմ՝ այս հակադրությունը հետաքրքրությամբ կընդունվի հանդիսատեսի կողմից: Բեմի ձևավորումը, զգեստները, 3D անիմացիան մեզ և մեր փոքրիկներին տանելու են հեքիաթային աշխարհ»:
«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ նորից բեմ է բարձրանում «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը:
«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի: