Հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ չիրացված ներուժ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական կապերի ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ։ Այդ մասին հնդկական WION լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ»,-ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա վկայակոչել է 2022 թվականին կատարված իմ առաջին այցը Հնդկաստան՝ հիշեցնելով, որ իր հետ տարել էր մեծաթիվ հայ գործարարների խումբ, ովքեր հետաքրքրված էին հնդիկ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու հարցում։
«Արտգործնախարար Ջայշանկարի հետ մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հնդիկ գործարարների պատվիրակության՝ Հայաստան այցի անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Կարծում եմ, որ սա պետք է դառնա պարբերական գործընթաց, որը կնպաստի նոր կապերի հաստատմանը, գործարար հարաբերությունների թարմացմանն ու զարգացմանը։ Բայց նաև, կարելի է հասկանալ, կարելի է համաձայնել, որ կան ոլորտներ, որտեղ աշխարհագրական հեռավորությունն այդքան մեծ դեր չի խաղում»,- մշել է Միրզոյանը։
Որպես օրինակ՝ նա վկայակոչել է տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, որով և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը շատ հետաքրքրված են
«Բայց ոչ միայն հետաքրքրված, մենք երկուսս էլ այստեղ հսկայական կարողություններ և հնարավորություններ ունենք: Մենք ունենք փորձագետներ, մենք ունենք ներուժ, երկուսս էլ, նկատի ունեմ: Այսպիսով, մենք կարող ենք համագործակցել նաև այստեղ, և եթե ավելի խորանանք, մենք ակնհայտորեն և անշուշտ կարող ենք գտնել նոր ոլորտներ, որտեղ կարող ենք օգնել ավելացնել թվերը»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա վկայակոչել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի անհրաժեշտությունը, առավել ևս, որ կան որոշակի հայկական փոխադրողներ, ովքեր շահագրգռված են ուղիղ չվերթների հաստատմամբ։ Խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում:
«Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին»,-ասել է Միրզոյանը: