Ցավոք, 21-րդ դարում շարունակ տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների․ ՀՀ ԱԳ նախարար

Այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, ցավոք, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այդ մասին հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է»,- ասել է Միրզոյանը:
Նրա պնդմամբ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: