Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
ՏԿԵ փոխնախարարներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի և այլ պատասխանատուների հետ նախ դիտարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Այնուհետև այցելել ենք Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզ։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով։ Ավելի քան 274 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, որից 70%֊ը պետական մասնաբաժինն է, 30%֊ը՝ համայնքի։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Հաջորդիվ ծանոթացանք նաև Ախուրյան բնակավայրի Հովսեփյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին, որը կրկին իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ 169 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
Ասֆալտապատվել է 1.66 կմ ճանապարհ։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվել է նաև Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը։
Այսօր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելեցինք թանգարան՝ ծանոթանալու արված աշխատանքներին։
Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է 63․7 քմ մակերեսով պատշգամբ՝ 13.6 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
Այցելեցինք նաև Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն ՀՀ դրամ։
Շիրակի մարզ այցի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցն էր։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 7 մլրդ դրամ է։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի, ոլորտային պատասխանատուների, շինարարների հետ շրջեցինք շինհրապարակում՝ ծանոթացանք արված աշխատանքին, քննարկեցինք նախագծային լուծումները, առկա խնդիրները, պայմանավորվեցինք առաջիկա անելիքների շուրջ՝ հնարավորինս արագ շինաշխատանքներն ավարտելու և մարզադպրոցը շահագործման հանձնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։