Նյու Յորքում հանդիպմանը քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO) նախագահ Մարիա Անդրիանի Կոստոպուլուի և ԵԽ Կանանց դեմ բռնության վարչության գործադիր քարտուղար Յոհաննա Նելլեսի հետ։
Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության, պետությունների կողմից վերջիններիս տրամադրվող ծառայությունների ու ծրագրերի վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության վերջին լայնածավալ փոփոխություններին։
Փորձագիտական խմբի ներկայացուցիչները մանրամասնել են GREVIO-ի գործունեությունը՝ ներկայացնելով հիմնական գործառույթները, սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացվող ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները։
Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբը (GREVIO) անկախ փորձագիտական մարմին է, որը վերահսկում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) իրականացման գործընթացը: