Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կառուցողական են մեկնարկել․ Երմակ

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկնարկել են «շատ կառուցողական»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը՝ անդրադառնալով Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններին։
«ԱՄՆ-ի թիմի հետ հանդիպումը մեկնարկել է շատ կառուցողական ձևով։ Մենք աշխատում ենք արդար և տևական խաղաղության ուղղությամբ», - գրել է նա Telegram-ում։
Հանդիպումից առաջ նա նշել էր, որ «ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան»։ Երմակն ասել էր, որ Ուկրաինան «պատրաստ է առաջ գնալու»՝ հավելելով, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները «շատ կարևոր» են, սակայն առայժմ անհրաժեշտ է քննարկել «ինչպես սկսել այս գործընթացը» խաղաղության համար։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն BBC-ի հետ զրույցում նշել է, որ բանակցությունները «լավ» են ընթանալու։
Բանակցությունները դեռ շարունակվում են։
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ անցկացնելու նպատակով ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 7-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բանակցությունների վայրը Կարմիր ծովի նավահանգստային Ջիդդա քաղաքն է: Ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիան հյուրընկալել էր մայրաքաղաք Էր Ռիադում։