Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69): ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և գնահատմանը, որին մասնակցում են ՄԱԿ-ի անդամ պետությունների, ՄԱԿ-ի կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:
Նախատեսված է նախարար Մկրտչյանի ելույթը միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։
Նստաշրջանի ընթացքում կկայանա նաև «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» խորագրով հարակից միջոցառում՝ տարբեր երկրների և կառույցների կողմից բարձրաստիճան մասնակցությամբ։
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա համագործակցությունը զարգացնելու, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։