Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և միջազգային այլ գործընկերներ:
Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր: Նա բարձր է գնահատել ՆԳՆ բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։
Անդրադառնալով հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ փոխվում:
«Երբ խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի առկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Հետևապես շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը հատկապես Ներքին գործերի համակարգում»,- նշել է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր կին ծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի և պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։
«Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար, և, կարծում եմ, այն, ինչ անում եք, իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ Դուք կարողացել եք հաջողել»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին՝ նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն և քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։
Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլ զգայուն թեմաների շրջանակում կին ծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլու խոսքով՝ «Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն, և կանանց ու տղամարդկանց հավասարությունը միայն վիճակագրություն չէ. այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ»։
Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ՆԳ նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների կին ծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։
Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման և վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր: