Չնայած բոլոր դժվարություններին՝ ՀՀ-ն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարար

Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA) ելույթի ժամանակ:
«Այսօր մենք ապրում ենք շարունակաբար բարդացող աշխարհում։ Միջազգային հանրությունը բախվում է փոխկապակցված մարտահրավերների, երբ մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մյուսներում: Հակամարտություններն, անվտանգության սպառնալիքները, մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամերի լուրջ խախտումները, գլոբալ անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մատակարարման շղթաների խաթարումը և պարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ են ստեղծում միջազգային հարաբերություններում:
Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:
Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։
Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը:
Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։
Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։
Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։
Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։
Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն:
Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով:
Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա ցանկանում եմ ընդգծել մեր բարեկամական և սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ 2023 թվականին մենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մակարդակի՝ պաշտոնականացնելով այն, ինչ իրականում միշտ եղել է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում։ Իրանի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բնական շահերի վրա։
Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։
Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։
Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ։
Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով»,- իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարը: