Ավստրալիայում հզոր ցիկլոնի հետևանքով բազմաթիվ տներ ու ձեռնարկություններ են հոսանքազրկվել

Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն է հոսանքազրկվել Ալֆրեդ ցիկլոնի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ լրատվամիջոցի՝ Ավստրալիայի իշխանությունները հայտնել են, որ ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղի մեջ աճյուն է հայտնաբերվել, իսկ 13 զինվորականներ վիրավորվել են մեքենայի վթարից:
Ալֆրեդ ցիկլոնը մարտի 8-ին հասել է Քվինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբենի մոտակայք:
Պաշտոնյաները զգուշացրել են բնակիչներին մնալ տներում և զգոն լինել՝ ասելով, որ փոթորկի վտանգը դեռ չի անցել:
Քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, հեղեղել ցածրադիր ճանապարհները: Տարածաշրջանում հոսանքազրկված է ավելի քան 300 հազար տուն ու ձեռնարկություն: