Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. ջրանցքը փլվել է, տղամարդը հայտնվել է ջրում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
Ինչպես Oragir.News-ին տեղեկացրին գյուղի բնակիչները, գյուղի կենտրոնական փողոցի մոտով անցնող կոյուղաջրերի ջրանցքը փլուզվել է, գյուղի բնակիչներից մեկը՝ 35-ամյա մի տղամարդ, ընկել է ջուրը:
«Երևանի կենտրոնական կոյուղին անցնում է հենց մեր հողատարածքով: Մենք էլ ենք վերջերս իմացել դրա մասին: Սարսափելի հոտ է: Բազմիցս ահազանգել ենք պատկան մարմիններին՝ ԱԻՆ, թեժ գիծ, «Վեոլիա Ջուր», սակայն անարդյունք. մեզ պատասխանում են, որ քարտեզով այդ տարածքը չկա: Միայն անցյալ տարի «Վեոլիա Ջրից» եկան, որ վերանորոգեն, քանդեցին մի հատված, հետո թողեցին ու գնացին»,- պատմում է գյուղի բնակիչներից Էլեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իրենք սեփական ուժերով այսօր փորձել են ցանկապատել տարածքը, որն ամբողջովին բաց է, սակայն իրենց օգնող գյուղացիներից մեկը՝ 35-ամյա տղամարդը, սահել է և ընկել ջուրը:
«Ամուսինս անմիջապես նետվեց ջուրը, որ հանի նրան: Քանի որ շտապօգնությունը, ինչպես միշտ, ուշացած եկավ, գյուղացիները արդեն առաջին օգնություն էին ցուցաբերել տուժածին, որին անգիտակից վիճակով էին հանել ջրից. նաև նրա ականջն էր վնասվել: Ուշքի գալով՝ տուժածը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց»,- պատմում է Էլենը:
Բնակիչներին մտահոգում է այն, որ տարածքը շարունակում է բաց մնալ, ինչը կարող է վտանգավոր լինել բնակիչների կյանքի համար:
Իսկ ԱԻՆ-ը պարզապես եկել, ժապավեններով փակել է տարածքը և հեռացել:
Մանրամասները՝ տեսանյութում: