Փրկարարական ծառայողները վերապատրաստվել են «Ջրասուզական պատրաստություն» թեմայով
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի «ՆԳՆ փրկարարական ծառայողների 2025 թվականի ուսուցման որակավորման բարձրացման պլան»-ի համաձայն՝ փետրվարի 16-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից թվով 5 փրկարարական ծառայողներ Ռուսաստանի Դաշնությունում անցել են որակավորման բարձրացման դասընթաց «Ջրասուզական պատրաստություն» թեմայով։
Դասընթացի տեսական մասն անցել է ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում, իսկ գործնական պարապմունքները կազմակերպվել են Մոսկվա գետում:
Դասընթացի նպատակն էր խորացնել ջրասուզակային գործում փրկարարների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, զարգացնել նրանց կարողությունները բարդ պայմաններում արդյունավետ գործողությունների իրականացման համար, միևնույն ժամանակ խթանել թիմային համախմբվածությունը՝ ստեղծելով այնպիսի վստահություն, որը կօգնի նրանց հաղթահարել անգամ ամենադժվար և անկանխատեսելի իրավիճակները։
Ջրափրկարարներին ներկայացվել են ջրասուզակային հիվանդությունների դասակարգման հիմունքները, առաջին օգնության կանոնները, հատուկ սարքավորումների և հանդերձանքի կիրառման, ինչպես նաև ջրասուզակի առողջության վրա խորության ազդեցության առանձնահատկությունները:
Միևնույն ժամանակ հայ փրկարարները ծանոթացել են ՌԴ-ում իրականացվող ստորջրյա որոնողական և որոնողափրկարարական աշխատանքների առանձնահատկություններին և անվտանգության կանոնների պահպանման ձևերին, ջրասուզական կայաններում ջրասուզական աշխատանքների կազմակերպման ժամանակ պահանջվող փաստաթղթերի լրացման կարգին և ձևերին, ջրասուզական աշխատանքների իրականացման համար նախատեսված խմբի կազմի, այդ կազմում ընդգրկված առանձին մասնագետների ֆունկցիոնալ պարտականություններին և դրանց իրականացման ձևերի կարգին, ջրասուզակների որակավորման կարգերին, խմբերի ու տարբեր որակավորման կարգեր ունեցող ջրասուզակներին ներկայացվող մասնագիտական կարողությունների և դրանցից բխող մասնագիտական պարտականություններին, ջրասուզական աշխատանքների տեսակներին, աշխատանքների ժամանակ առաջացած վթարային իրավիճակներում ջրասուզական խմբի կողմից իրականացվող գործողություններին։
Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են սուզումներ տարբեր ջրասուզական սարքավորումներով և հանդերձանքով, փնտրել խորտակված առարկաներ և բարձրացրել դրանք ջրի մակերևույթ, ցուցաբերել օգնություն տուժածներին, ինչպես նաև տարբեր պայմաններում ջրի տակ կազմակերպել այլ աշխատանքներ՝ այդպիսով զարգացնելով տարբեր տեսակի ստորջրյա գործիքների կիրառմամբ աշխատանքների և սառցե մակերեսի վրայից ու սառույցի տակ իրականացվող ստորջրյա որոնողական աշխատանքների հմտությունները:
Դասընթացի ավարտից հետո ակադեմիայի ղեկավարի կողմից հայ փրկարարներին հանձնվել են որակավորման բարձրացման հավաստագիր-վկայականներ: