Հայտնի է ամերիկացի դերասան Ջին Հեքմանի և նրա կնոջ մահվան պատճառը

Ամերիկացի դերասան, կրկնակի Օսկարի դափնեկիր Ջին Հեքմանը և նրա կինը՝ դաշնակահար Բեթսի Արակավան մահացել են բնական պատճառներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզսին և դատաբժշկական փորձագետ Հիզեր Ջարելին։
Ըստ աղբյուրի՝ Արակավան մահացել է հանտավիրուսային թոքային սինդրոմից, որը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է։ Նրա մարմինը հայտնաբերվել է լոգարանի հատակին։ Դատաբժշկական հետաքննության համաձայն՝ վերջին անգամ դաշնակահարոհուն ողջ են տեսել փետրվարի 11-ին՝ գնումներ կատարելիս։ Այնուհետև նա վերադարձել է տուն, որից հետո այլ ակտիվություն չի գրանցվել։
Դատաբժիշկների կարծիքով՝ Ջին Հեքմանը մահացել է սիրտ-անոթային հիվանդությունից՝ կնոջ մահից մի քանի օր անց։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել փետրվարի 18-ին։
Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ Հեքմենի մարմնի վրա ներքին կամ արտաքին վնասվածքների որևէ նշան չի եղել, իսկ COVID-19-ի, գրիպի և շնչառական այլ հիվանդությունների թեստերը եղել են բացասական։
Հաղորդվում է, որ Հեքմանը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ, ինչը կարող էր էական դեր խաղալ նրա մահվան մեջ։ Դատաբժիշկների գնահատմամբ՝ դերասանը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, հնարավոր է չէր գիտակցել կնոջ բացակայությունը։ Այնուամենայնիվ, ավելի վաղ, Հեքմանների ընտանիքի ներկայացուցիչը հերքել էր Ալցհեյմերի հիվանդության մասին պնդումները՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Հատկանշական է, որ զույգի տունը զննող իրավապահները հայտնաբերել են նաև նրանց շան մարմինը։ Ըստ Նյու Մեքսիկոյի նահանգի անասնաբույժ Էրին Ֆիփսի՝ կենդանին կարող էր մահանալ սովի պատճառով, սակայն մասնագետները լիովին վստահ չեն այս վարկածի վերաբերյալ։
Ջին Հեքմենի, Բեթսի Արակավայի և նրանց շան մարմինները հայտնաբերվել են փետրվարի 26-ին։ Սկզբում ոստիկանությունը նրանց մահն անվանել էր «կասկածելի» և պահանջել մանրակրկիտ հետաքննություն, սակայն այժմ դեպքը գնահատվում է որպես բնական մահ։