Ի՞նչ սխալ է թույլ տվել Չավին Բարսելոնան մարզելիս

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին գնահատել է կատալոնական ակումբում իր ժամանակահատվածը (2021-2024 թթ.)։
«Ես ընդունում եմ, որ թույլ եմ տվել մարզչական որոշ սխալներ։ Բուսկետսի հեռանալը ստիպեց մեզ վերանայել թիմի խաղաոճը։ Ես նախընտրում էի կիսապաշտպանությունում խաղալ երեք հարձակողական խաղացողներով, բայց դա միշտ չէ, որ լավագույն տարբերակն էր։
Բացի այդ, «Բարսելոնան» ապրում էր իր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, գուցե նույնիսկ ավելի վատ, քան հազարամյակի սկզբին։
Սպասելիքները ինձնից շատ մեծ էին՝ ակումբում ունեցած իմ պատմության պատճառով։ Հավանաբար, երբեմն ակումբի հետ իմ խորը զգացմունքային կապը վնասում էր ինձ, երբեմն՝ չափից դուրս էմոցիոնալ էի, բայց այս փորձը իսկական դաս էր ինձ համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։
Չավիի գլխավորությամբ «կապտանռնագույնները» հաղթել են Իսպանիայի առաջնությունը և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։