ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կանանց միջազգային օրվա շրջանակում մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը և հանդես եկել ելույթով:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ միջոցառումը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` այն մարտահրավերները, որոնց ինքն է բախվում իր հանրային գործունեության շրջանակներում։
«Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար»,-ասել է Մանասյանը:
Նա անդրադարձել է գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:
«Մեր հասարակությունում առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով: Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,-նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև վաղ կամ հարկադիր ամուսնությունների հետևանքներին, խոսել դրանց տարածվածության և բացասական հետևանքների, ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևորության մասին:
«Բոլոր խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,-շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը:
Ելույթով հանդես են եկել նաև բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը և մարզիկ Նազիկ Ավդալյանը:
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ առաջնորդության մեջ. առաջնորդ կանայք փոխում են աշխարհը» խորագրով: Խոսնակներն էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանը, «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը: