Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա. Վահե Դավթյան

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ նախագծի առաջխաղացման մասով:
Նշենք, որ Թուրքիայի արևելքում գտնվող Իգդիր քաղաքը TANAP (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Հունաստան) գազատարի բաշխիչ ճյուղի մուտքի կետն է։ Գազատարը նախատեսված է որպես TANAP-ի ճյուղ։ Իգդիր-Նախիջևան գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլն խմ գազ մատակարարել:
Նախկինում Ադրբեջանի նախիջևանյան էքսկլավը կախված էր իրանական գազի ներկրումից, որը մատակարարվում էր սվոփ-սխեմայով (Իրանը գազ էր ստանում Ադրբեջանից և համարժեք ծավալ արտահանում Նախիջևան): Փաստացի Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը թույլ կտա Բաքվին նվազեցնել իր կախվածությունը Իրանից:
Թուրք-ադրբեջանական ազդեցության աճի համատեքստում Իրանը շրջանցող գազամատակարարման երթուղին կարելի է դիտարկել որպես Սյունիքով ցամաքային միջանցք ստեղծելու Բաքվի և Անկարայի ավելի լայն ռազմավարության մաս: Այսինքն՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, ինչպես նաև նույն երթուղիով նախագծվող երկաթգիծը (նախատեսվում է գործարկել մինչև 2028 թ.) կարող են որպես Երևանի վրա ճնշման մեխանիզմ գործարկվել: Մասնավորապես, Բաքուն ու Անկարան ձգտում են միացնել Իգդիր-Նախիջևան երթուղին այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ նախագծին՝ ելք ապահովելով դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա:
Գազատրանսպորտային ոլորտում նույն այս տրամաբանության մեջ են կողմերը փորձում տեղավորել Անդրկասպյան գազամուղի նախագիծը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, կարող է անցնել նույն ՛՛Զանգեզուրյան միջանցքով՛՛: Բոլոր այս լոգիստիկ նախաձեռնությունները Բաքուն ամեն կերպ փորձում է ՛՛վաճառել՛՛ մի կողմից՝ էներգետիկ դիվերսիֆիկացման փնտրտուքների մեջ գտնվող Բրյուսելին, մյուս կողմից՝ ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգանախագծին նոր շունչ հաղորդելու հրամայականի առջև կանգնած Պեկինին:
Իգդիր-Նախիջևան գազատարն տեղավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական և նյութատեխնիկական կապերի ամրապնդման ռազմավարության մեջ: Նոր էներգետիկ երթուղու ձևավորումը մեծացնում է Նախիջևանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց՝ տեղավորելով այն Արևելք-Արևմուտք (Եվրոպա-Կովկաս-Ասիա) լոգիստիկ ռազմավարության մեջ՝ Հայաստանի համար անվտանգության տարատեսակ ռիսկերով ու սպառնալիքներով հանդերձ/: