Հացադուլն իմ մասին չէ, խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա. Թանդիլյանը չգիտի՝ Վարդանյանը տեղյա՞կ է իրենց խնդրանքի մասին

Դեռ չենք կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ, և չգիտենք՝ որքանով է Ռուբեն Վարդանյանը տեղյակ մեր խնդրանքի մասին։ Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, News.am-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Հարցին, չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, Մանե Թանդիլյանը պատասխանել է. «Շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաև ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում՝ չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»։
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն իր երկրում, և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա միջոց է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները թաքցնելու, Մանե Թանդիլյանը պատասխանել է.
«Ակնհայտ է, որովհետև գերիների ընտանիքները նրանց հետ կապ են հաստատում Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվ ինչ է սա նշանակում, Ալիևին թույլատրված է անգամ միջազգային կառույցներին վտարել Բաքվից։ Բա բան չունի՞ ասելու աշխարհը, իսկ ու՞ր են սանկցիաները։ Պետք է օր առաջ կիրառել երկրի վրա, որը հանդգնում է միջազգային կառույց վտարել իր երկրից»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։