Քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի նվազեցման դեպքերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, ինչպես նաև արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։
Աշխատանքային հանդիպման շրջանակում պատասխանատու գերատեսչությունները ներկայացրել են իրենց լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքները՝ անդրադարձ կատարելով նաև դեպքերի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ հանրային իրազեկման բարձրացման կարևորությունը` նախանշելով առաջիկա աշխատանքների ուղղությունները: