«Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է». Հայկ Սարգսյան
Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 6-ի նիստին խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, ներքին և արտաքին անվտանգային համակարգեր:
«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա, և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն:
Մինչև սահմանափակումների գործելը ևս մեկ անգամ խնդրում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, դուրս եկեք օնլայն կազինոներից: Ես նույնպես ունեմ ընկերներ, որոնք տառապում են այս հիվանդությամբ: Խաղամոլությունը կախվածություն և հիվանդություն է թմրամոլության նման, որը հնարավոր է բուժել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է: Ըստ Սարգսյանի՝ դրանից անմասն չէ նաև բանակը:
«2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլև ձեր ծնողների, երեխաների և ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը: Ամեն 1 միլիոն դրամը, որ վատնում եք խաղատներում, դառնում է չնչին հարկ՝ մոտ 5000 դրամի չափով: Եթե այդ գումարը ծախսեք տնտեսության այլ ոլորտներում, այն միջինում դառնալու է 240 հազար դրամ հարկ կամ 48 անգամ ավելի, այսինքն՝ տնտեսության այլ ոլորտներում ձեր գումարները ծախսելով՝ հզորացնելու եք մեր պետությունը»,- ընդգծեց Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությունում իրեն աջակցելու համար:
«Չնայած նրան, որ բազմաթիվ գործընկերներ տարբեր փաստարկներով փորձում էին հիմնավորել, որ այս փոփոխությունների կարիքը չկա, վարչապետը ոչ միայն աջակցեց, այլև ինձ առաջարկեց փոփոխություններն ուժի մեջ մտցնել անմիջապես, ոչ թե 6 ամիս անց, ինչպես օրենքի նախնական տարբերակով էր սահմանված»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը: