Քարաթափում՝ Ջերմուկ տանող ավտոճանապարհի սկզբնամասում

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի։