ԱՄՆ-ը ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը

ԱՄՆ-ը մի քանի ժամ առաջ ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ուկրաինական աղբյուրին։
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է հետախուզական տվյալների և զենքի փոխանցումը Ուկրաինային: Ռեթքլիֆը դա անվանել էր «ռազմական հարցերին և հետախուզությանն առնչվող դադար»: Նա ընդգծել էր, որ այս քայլերը Միացյալ Նահանգները ձեռնարկել են, որպեսզի բոլորին ներգրավեն ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման գործընթացում:
Sky News-ի իրազեկ աղբյուրներն ավելի վաղ նշել էին, որ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումը կրել է ընտրովի բնույթ՝ չի տրամադրվում այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակվելու նպատակով:
Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվության փոխանցումից բացի դադարեցրել է նաև Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը։