Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ․ հայտարարություն

IUSY-ն կոչ է արել միջազգային հանրությանը՝ պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և պատանդների ազատ արձակումը։
Հայտարարությունը՝ ստորև․
«Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:
Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված: Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հանդիսանում են հաշվարկված փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը:
Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահվում են կալանքի տակ՝ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշավից հետո, որի հետևանքով ավելի քան 120․000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ծանր խախտում:
IUSY-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպական միությանը և առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անհապաղ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես՝
Պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղաքական բանտարկյալների և պատանդների անմիջական ազատ արձակում:
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների շարունակական խախտումների համար՝ միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:
Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քաղաքական և զինվորական ղեկավարության նկատմամբ:
Ապահովել Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց հայրենիք հավաքականորեն վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո և համաձայն ինքնորոշման հիմնարար իրավունքի:
Պահանջել Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ պահպանելով նրա միջազգային ճանաչված սահմանները:
IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության անքակտելի իրավունքները, նրանց ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:
Որպես միջազգային կազմակերպություն, որը հանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ պաշտպանելով ճնշված ազգերի և նրանց հիմնարար իրավունքները»:
Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։