Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ու դա ժողովուրդն է. ՔՊ-ական

Այստեղ է այն ֆենոմենը, որ ո՛չ Հանրապետականը, ո՛չ քոչարյանականներն այլևս երբեք ՀՀ-ում չեն լինելու իշխանություն: Այդ ֆենոմենն այն է, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ու բերեց ժողովուրդը: Իրենք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները հարյուրհազարներով դուրս եկան փողոց ու որոշեցին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են թեզերը, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, և որ այս համատեքստում քոչարյանականները մեղադրում են հանրապետականներին, հանրապետականները՝ քոչարյանականներին:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախագահ Բագրատ Միկոյանն ասել է՝ եթե 2018-ին իշխանության լիներ Ռոբերտ Քոչարյանը, ապա իշխանությունը չէր հանձնվի, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Խնդիրը հենց այն է, որ ո՛չ հանրապետականները, ո՛չ քոչարյանականներն այդպես էլ չեն հասկանում, որ իշխանություն չհանձնողն իրենք չեն, իշխանություն տվող-չտվողն իրենք չեն: Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ու դա ժողովուրդն է, ու քանի դեռ նրանք շարունակեն դա չհասկանալ, իրենց ձախողումների շղթան շարունակվելու է, իրենք շարունակելու են իրար գլխի տարատեսակ բաներ ջարդել»: