Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել ՀԿԱԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ մարտի 4-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արագածոտնի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը և Արմավիրի մարզային բաժնի պետ Մուշեղ Ղահրամանյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել աշխատանքային գործընթացին, կատարողական վարույթներին վերաբերող հարցեր։
«Մարզային բաժինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման՝ հարկադիր կատարման ընթացակարգային որոշ կարևոր հարցեր։ Շեշտվել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների հետ շփումներին, մասնավորապես՝ ուղղորդել վերջիններիս՝ օգտվելու Ծառայության կողմից ներդրված թվային հարթակից, ինչն էապես խնայելու է ոչ միայն քաղաքացիների ժամանակը, այլև հնարավորություն է տալու անհրաժեշտ տեղեկություն ստանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, նույն հարթակից կատարելու նաև վճարումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն ու համակարգմանն առնչվող այլ հարցեր։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։