ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը պիտի որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԻԻՀ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձ է եղել ԱՄՆ հետ վերջերս ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագրին։
«Նկատի ունենալով այն դառը փորձը, որ նման երկրների հետ ունեցել ենք, որքանո՞վ եք հույս հայտնում, որն այն կկիրառվի»,- հարցին վարչապետը պատասխանել է․
«Ինչպես արդեն ասացի, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո մենք զարգացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն, և այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։
Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»։
Դիտարկմանը, թե՝ «Դժվարությունը, խնդիրը Հայաստանը չէ, այլ ԱՄՆ-ն է, որը չի կատարում իր հանձնառությունները», վարչապետը պատասխանել է․
«Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը, և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել»։
«Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո» հարցին Փաշինյանը պատասխանել է․
«Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն»։