Լուկաշենկոն վավերացրել է Ռուսաստանի հետ անվտանգության պայմանագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի վավերացման մասին՝ դրանով իսկ ավարտելով փաստաթղթի վավերացման ներքին ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջազգային պայմանագիրն ամրագրում է Բելառուսի և Ռուսաստանի, ինչպես նաև ամբողջ Միութենական պետության անվտանգության վրա հարձակումների դեպքում անհրաժեշտ միջոցների իրականացման փոխադարձ երաշխիքներ։